Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
24.04.2020 | 00:42
Կորոնավարակի տարածումը աշխարհում, հետո նաև Հայաստանում ինչ-որ չափով հետին պլան մղեց արտաքին ու ներքին քաղաքականության հիմնահարցերը, բայց այդ հարցերը ոչ մի տեղ չեն անհետացել: Ավելին՝ կորոնավարակը ավելի է ցցուն դարձնում «նոր Հայաստանի» իշխանությունների իրականությունից կտրվածությունն ու բացարձակ անճարակությունը՝ ռեալ թայմ կառավարման մեջ: Վաղուց նորություն չէ, որ քաղաքականությունը ոչ միայն ձևավորվում, այլև իրականացվում է սոցցանցերում գրառումների և ուղիղ եթերների՝ լայվերի ռեժիմով՝ իջեցվելով ոչ միայն պարզունակության, այլև գռեհկության աննախադեպ աստիճանի: Ցավոք, դա ոչ միայն սովորական է դարձել, այլև պահանջարկված որոշակի շրջանակներում, որ հավակնում են իրենց ներկայացնելու միակ հայրենասերներ: Այդ մակարդակին դիվանագիտությունն իջեցնելու փորձերը արդեն ցույց են տալիս իրենց հետևանքները: Հայաստանի ու Արցախի անվտանգությունը չի կարող ստատուս-քոմենտ-լայք տիրույթում դիտարկվել: Իշխանության մեջ սակավաթիվ ողջամիտ ու մտածող մարդիկ պարտավոր են դա բարձրաձայնել: Եվ ոչ միայն նրանք:
Ներքին ու արտաքին քաղաքականության մեջ դադարի մասին առաջինը խոսել է ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով կշռադատված ու հավասարակշռված քայլերի անհրաժեշտության մասին մտածել: Թեպետ պատասխանը եղավ նրա հրաժարականը, բայց սա այն դեպքն էր, որ վերջը նոր սկիզբ է դառնում: Պատահական չէր, որ Արթուր Վանեցյանը որոշեց քաղաքականություն մտնել՝ ստեղծելով կուսակցություն, որի համագումարը արդեն կարող էր հրավիրված լինել, եթե կորոնավարակը չխանգարեր: Նա միանգամայն իրավացիորեն ու փաստարկված ասում էր, որ իշխանության որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, ընթացիկը մնայունից չտարբերելու գործելաոճը ոչ միայն պետականաշինության տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլև սպառնալիք են պետությանը՝ անվտանգության տեսանկյունից:
Ակնհայտ է, որ այսօր հայ հասարակությունն ու քաղաքական ասպարեզը կարիք ունեն նոր ու սթափ ուժի, որը չի գալիս անցյալից և խնդիր է դնում հավասարակշիռ ու արդյունավետ, կյանքից չկտրված քաղաքականությունը օրակարգ վերադարձնելը, որը կարող է և պատրաստ է ստանձնել պատասխանատվություն:
Մեծ քաղաքականություն մտնելու իր առաջին հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանն արդեն հավակնում է ներքաղաքական լուրջ բևեռ դառնալու. աստիճանաբար նրա շուրջը հավաքվում են մտածող մարդիկ, որ բոլոր հնարավորություններն ունեն հանրության մտածող հատվածին ներկայանալու իբրև ուժեղ և պատասխանատու քաղաքական նոր թիմ՝ իրենց ծրագրերով ու այդ ծրագրերի իրականացման ռեալ հնարավորություններով: Իր հայտնի ասուլիսում Արթուր Վանեցյանն ասում էր. «Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ, այդ մտահոգությունները համատարած են և տեղին: Կարծում եմ՝ այսօր անհրաժեշտություն կա ձևավորելու մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որ չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելակերպից, չեն արդարացվել հասարակության հույսերը, նրանք նաև մարդիկ են, որ չեն ուզում՝ վերադարձ անցյալին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում՝ հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ, ըստ որոնց՝ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Ես ձեզ վստահեցնում եմ՝ վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որ պայքարելու է դրա դեմ, որ վերադարձ անցյալին հանկարծ չլինի: Բայց նաև ես այն մարդն եմ, որ դեմ է հասարակության բաժանումներին, և այդ կեղծ օրակարգին, որը մանիպուլյատիվ տարածվում է մեր հասարակության և ժողովրդի շրջանում, թե կան սևեր և սպիտակներ: Մենք բոլորս հայ ենք և բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք»:
Սա լավագույն մեկնակետն է քաղաքական գործչի համար, որ իր գործունեությունը որոշել է սկսել հասարակության համախմբումով, ով արդեն իսկ հայտարարել է, որ իր գաղափարներով լինելու է «կենտրոնամետ աջ ուղղության մեջ», ով կարծում է, որ. «Բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժողովրդավարությունը առաջնահերթություն է, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ մենք պետք է պահենք մեր ազգային ավանդույթները, մեր եկեղեցին, մեր ազգային շահը և այլն: Այսինքն՝ ավանդույթներ և առաջընթաց: Սա է մեր հիմնական գաղափարախոսությունը»:
Հարկավ, կգտնվեն մարդիկ, որ քաղաքականությունից տոտալ հիասթափության կամ քաղաքականության նկատմամբ տոտալ անտարբերության պատճառով կմտածեն, որ քաղաքական ասպարեզ է գալու հերթական մի ուժ՝ հերթական ու հերթապահ հայտարարությունների համար և նույնքան արագ էլ կամ ճահճանալու է, կամ վերանալու՝ ինչպես բազում քաղաքական ուժեր նորանկախ Հայաստանում: Վստահաբար՝ սա այդ դեպքը չէ, իսկ թե ինչպես ու ինչու, ցույց կտա ժամանակը: Ժամանակը այս դեպքում աշխատելու է հօգուտ Հայաստանի ու Հայաստանի լավագույն ապագան կերտելու ունակ մարդկանց: Նրանց, որ արդեն հասկացել են՝ այսպես հնարավոր չէ շարունակել, պետությունն արդեն սպառում է իր բոլոր ռեսուրսները, բացի տնտեսականից Հայաստանին սպառնում է նախ և առաջ քաղաքական դեֆոլտ:
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ